Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Բարիքները մեզանում այնքան քիչ են, որ, թերևս, բարիք բառը պիտի չակերտավոր լինի»

«Բարիքները մեզանում այնքան քիչ են, որ, թերևս, բարիք բառը պիտի չակերտավոր լինի»
20.03.2009 | 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԿԾԱՆՐԱՆԱ, ԿԲԱՐՁՐԱՆԱ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԻՔ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԼՈՐԵՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը իր հայրենի Արցախի, արցախցի ու ոչ արցախցի ղեկավարների աշխատանքի և, իհարկե, թատրոնի մասին է
«ՀԱՅԸ ՀԱՅ Է. ՈՒԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԻ, ՈՒԶՈՒՄ Է` ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ՈՒԶՈՒՄ Է` ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ»

-Պարոն Առուշանյան, լինելով արցախցի, ի՞նչ եք կարծում, Արցախի հիմնախնդրի նկատմամբ արցախցի և ոչ արցախցի հայերը տարբե՞ր մոտեցումներ ունեն:
-Ցավոք, պիտի ասեմ, որ վերջերս Լ. Տ.-Պ.-ին հաջողվեց այդ մոտեցումների մեջ տարբերություն մտցնել: Այդ քարոզչամեքենան՝ ՀՀՇ-ն, տարբերություն, անջրպետ մտցրեց արցախցիների և ոչ արցախցիների միջև: Սա ցավալի է, բայց փաստ է: Թեպետ, չեմ կարծում, որ հայաստանաբնակ հայերի մեծ մասն է տուրք տալիս այդ ամենին: Լևոնը շարունակ միևնույն բանն է ասում. «Ավազակապետությո՜ւն է, ավազակապետությո՜ւն է»: Եթե անգամ ավազակապետություն է, իր օրոք է սկսվել: Իրենք ավազակապետեր չէին, ի՞նչ էին: Տեսել ենք, չէ՞, նրանց բոլորին՝ մինչև իշխանության գալը և իշխանության գալուց հետո: Ո՞վ չի հիշում Վանոյին՝ փորը մեջքին կպած: Իսկ եթե ոմանք մոռացել են, թող լուսանկարները նայեն:
-Մտածում եք, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքո՞ւմ ձևավորվեց անջրպետը արցախցիների և հայաստանցիների միջև:
-Սկսվեց նախընտրական շրջանում, ավելի խորացավ ընտրությունների ժամանակ և հետագայում ու հիմա էլ աստիճանաբար խորանում է: Շատերից եմ լսում, որ երկիրը ղարաբաղցիներն են ղեկավարում, ղարաբաղցիներին են տրվում բարձր պաշտոնները: Բայց նախարարներից ո՞վ է ղարաբաղցի. ոչ մեկը: Մեկը կար՝ պաշտպանության նախկին նախարարը, բայց նա էլ կարճ ժամանակով պաշտոնավարեց, ապա նշանակվեց Սեյրան Օհանյանը, ով, ի դեպ, ղարաբաղցի չէ, Տավուշի շրջանից է: Նա ծառայել է Ղարաբաղում, մասնակցել շարժմանը, հասել մինչև նախարարի աստիճանի: Հետո տեսան, որ լավ նախարար է, բերեցին ու նշանակեցին Հայաստանի պաշտպանության նախարար: Ես ուղղակի ցավ եմ զգում, որ տարբերակում են՝ ղարաբաղցի-հայաստանցի: Հայը հայ է. ուզում է Հայաստանում լինի, ուզում է՝ Ղարաբաղում, ուզում է՝ Ամերիկայում: Եթե մարդն ապրում է իր հայրենիքի հոգսով, ի՞նչ տարբերություն, թե որտեղ է գտնվում: Ես չեմ ընդունում այդ տեղայնացումը: 20-րդ դարասկզբին այդ մտայնության, այդ վատ սովորության պատճառով մենք շատ բան կորցրինք: Գյումրեցին ասում էր՝ ես ի՞նչ կապ ունեմ Կարսի հետ, կարսեցին ասում էր՝ ես ի՞նչ կապ ունեմ Էրզրումի հետ: Ամեն մեկը փորձում էր իբր թե պաշտպանել իրեն, բայց այդպես չի լինում: Պիտի միասնական լինեին, և շատ բան հիմա պահպանված կլիներ: ՈՒ առավել ցավալին այն է, որ մենք այս ամենից դասեր չենք առնում, փորձ չենք ձեռք բերում: Դրա մի օրինակն էլ ՀՀՇ-ի պատմությունն է: Մարդիկ նորից կպել են Լևոն Տեր-Պետրոսյանին, ուզում են դարձնել նախագահ: Լինի նախագահ, ի՞նչ պիտի անի: Մի անգամ արդեն եղել է, չէ՞: Ի՞նչ վիճակի մեջ էր ապրում այս ժողովուրդն այդ տարիներին, ի՞նչ վիճակի էր հասել երկիրը: Եվ զարմանում եմ՝ այնքա՜ն մարդ է նրան ձայն տվել: Սա չեմ կարողանում բացատրել: Երևի կարճ հիշողություն ունենք: Ես մտածում էի, որ փոքր զանգված ձայն կտա նրան, անշուշտ: Բայց պարզվեց, որ 300 հազարից ավելի ձայն է ստացել մարդը: Սա ինձ համար անհասկանալի և անընդունելի է:
-Կարողանո՞ւմ եք, որպես արցախցի, անկողմնակալ վերաբերմունք ունենալ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների աշխատանքի նկատմամբ:
-Կարծում եմ, որ կարողանում եմ և օբյեկտիվորեն եմ գնահատում: Եթե այդպես չէ, պիտի ուրիշները նկատեն:
-Սերժ Սարգսյանի՝ արդեն մեկ տարվա պաշտոնավարումը հնարավորություն ընձեռո՞ւմ է համեմատականներ անցկացնելու:
-Այնուամենայնիվ, ընդդիմությունն ինչ-որ դեր խաղաց նախընտրական և հետընտրական շրջանում: Ես չեմ ուզում ամբողջովին սևացնել նրանց գործունեությունը: Ինչ-որ դրական քայլեր, ինչ-որ բարեփոխումներ փորձում են անել: Բայց պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: Հենց երեկ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, թե ինչպես կոալիցիայից մի պատգամավորուհի դրական է գնահատում որոշ նոր օրենքների ընդունումը, իսկ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը դժգոհում է, որովհետև կասկածում է, թե դրանք կիրագործվեն: Ախր, նախ պետք է օրենքն ընդունել, հետո հետևել, որ իրագործվի: Ինչո՞ւ եք անընդհատ հակադրվում: Լավ անեն, թե վատ, քննադատում են: Այդպես չի կարելի:
-Պարոն Առուշանյան, պարզաբանեք, խնդրեմ, ընդդիմություն ասելով՝ նկատի ունեք «Ժառանգությա՞նը»:
-Հիմնականում նկատի ունեմ Հայ ազգային կոնգրեսին, ավելի ճիշտ՝ ՀՀՇ-ին:
«ԿՐՈՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ԵՐԵՍ ՏԱՆՔ»
-ԱԺ-ի առաջարկած պայքարի մեխանիզմները հոգեորսության դեմ խրախուսելի՞ եք համարում:
-Լավ է, որ նման քայլեր են արվում: Այդ կրոնական փոքրամասնություններին չպետք է երես տանք: Օրինակ, ըստ Եհովայի վկաների` չի կարելի բանակում ծառայել: Ինչո՞ւ: Իմ տղան, մյուսի տղան պիտի գնան բանակում ծառայեն, իրեն պաշտպանեն, իսկ ինքը պիտի տա՞նը նստի: Ինչո՞ւ չի ուզում սովորել, պետք եղած ժամանակ զենք վերցնել ու հայրենիքը պաշտպանել: Նա այս երկրում չի՞ ապրում, այս երկրի բարիքներից չի՞ օգտվում: Իհարկե, այդ բարիքները մեզանում այնքան քիչ են, որ, թերևս, բարիք բառը պիտի չակերտավոր լինի:
-Իսկապես, բարիքները մեզանում չակերտավոր են, հատկապես՝ տնտեսական այս ճգնաժամի պայմաններում: Կարծում եք` ժողովուրդը կկարողանա՞ դիմակայել ստեղծված պայմաններին:
-Այո՛, համաշխարհային ճգնաժամը խորանում է, վերջին օրերին փոխվեց դոլարի կուրսը: Ես շտապեցի վառելիքով լիցքավորել մեքենաս՝ մտածելով, թե բենզինը կթանկանա, բայց ուշացա. մինչև հասա լցակայան, արդեն թանկացել էր: Ժողովրդի վիճակը շատ կծանրանա, կբարձրանա դժգոհությունների ալիք: Բայց մի բան պիտի հասկանան, որ սա համաշխարհային պրոցես է, մերոնց սարքածը չէ: Գուցե մեզ մոտ դրա ազդեցությունն ավելի զգալի կլինի, բայց ուզեինք, թե չուզեինք, այս պրոցեսը չէինք կարողանալու շրջանցել:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՄԱՆՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԷՐ, ՀԻՄԱ ՀԱՆԿԱՐԾ ԴԱՐՁՐԵԼ Է ՀԵՐՈՍՆԵՐ»
-Մարտի վերջին ԵԽԽՎ-ի նստաշրջանում դարձյալ լսվելու է Հայաստանի հարցը: Նախորդ նստաշրջանից հետո հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ մենք պիտի ծանրակշիռ ասելիքով ներկայանանք այս վեհաժողովին: Ըստ Ձեզ, ո՞րն է լինելու այդ ծանրակշիռ ասելիքը:
-Ինչ-որ բաներ կարծես արվում են մեզ մոտ և մինչ վեհաժողովն էլ կարվեն, բայց չգիտեմ՝ դա բավարա՞ր է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, Եվրախորհրդում մեզ չեն զրկի ձայնի իրավունքից:
-Իսկ այդ ինչ-որ բաների շարքում ենթադրվո՞ւմ է մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակումը, ի՞նչ եք կարծում:
-Ես նրանց հանցագործներ չեմ համարում: Եվ, իհարկե, լավ կլիներ, որ համընդհանուր ներում լիներ: Բայց արդեն գործը դատարանում է, ու մենք, ի վերջո, երկիր ենք, պետություն ենք, ունենք դատարան: Դատարանն ինչ-որ բան պիտի որոշի, որից հետո երևի ներում կլինի կամ չի լինի: Բայց ինձ համար այլ բան է անհասկանալի: Ընդդիմությունն այդ մարդկանցից ոմանց նախկինում հայհոյում էր, հիմա հանկարծ դարձրել է հերոսներ: Մարդ այս ամենի մեջ կողմնորոշումը կորցնում է, չգիտի՝ ում և ինչի հավատա: Թեև ես իմ որոշակի կարծիքն ունեմ, բայց մի քիչ հասարակ, պարզ մարդը կդժվարանա ճիշտը սխալից տարբերել այս վիճակում: Նախկին բանտապետ Մուշեղ Սաղաթելյանի մասին առաջ ինչ բացասական բան ասես՝ թերթերը չէին գրում: Մեկ էլ, ու հիմա նրան ներկայացնում են ժողովրդավար, ազգի հերոս: Անհնար է, այդպես չի լինում:
-Բացառո՞ւմ եք, որ մարդը կարող է փոխվել:
-Մարդը փոխվում է, անշուշտ: Բայց ոչ այդպիսի անցյալ ունեցող մարդը: Նրա արյան մեջ արդեն որոշակի հատկանիշներ նստած են:
-Այդ դեպքում պետք է բացառել նաև արցախյան ազատամարտի հերոսների կտրուկ շրջադա՞րձը: Հերոսությունը, հայրենասիրությունը նրանց արյան մեջ չէ՞, ինչպե՞ս կարելի է նրանց վերագրել զանգվածային անկարգություններ սանձազերծողի, հեղաշրջման փորձ նախապատրաստողի վարքագիծը:
-Սրանք շատ տարողունակ հարցեր են: Հնարավոր է, որ մարդուն նեղացրել են, և նա միացել է ընդդիմությանը: Կարճամտության հետևանք է, երբ մարդը միանգամից շուռ է գալիս:
-Այսինքն՝ ընդդիմությանը միանալն արդեն նշանակում է ազգի նկատմամբ դավաճանությո՞ւն:
-Չէ՛: Այդպես չեմ համարում: Բայց որ անձամբ ինքս Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ հավանում, բացարձակ ճշմարտություն է: Եվ առաջ էլ չեմ հավանել: Ի դեպ, պիտի ասեմ, որ երբեք նրան ձայն չեմ տվել, անգամ առաջին ընտրության ժամանակ, երբ նա 87 տոկոսով հաղթեց: Դրանից հետո էլ ձայն չեմ տվել և երբեք չեմ տա:
«ՄԻ ՄԱՐԴՈՒ ԴԻԿՏԱՏԸ ՉԿԱ, ԲԱՅՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՀԻՃԸ ՄՆԱՑԵԼ Է»
-Սունդուկյանի անվան թատրոնում Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Անշուշտ, փոխվել է: Բայց կարծում եմ, որ նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը, պիտի շարունակի այդ ռեֆորմը: Որովհետև ստեղծվել է մի վիճակ, որ գլուխը չկա, մի մարդու դիկտատը չկա, բայց ընդհանուր ճահիճը մնացել է: Ճահիճը պիտի մաքրվի:
-Ո՞վ և ինչպե՞ս պիտի մաքրի:
-Կոնկրետ անուն չեմ կարող տալ, մանավանդ դրա իրավունքն էլ չունեմ: Բայց կարծում եմ, որ դա պիտի թատրոնի տնօրենն անի, որովհետև առաջին դեմքը թատրոնում տնօրենն է: Նա պիտի անի այդ քայլերը: Կային մարդիկ, ովքեր Վահե Շահվերդյանի օրոք իրենց թատրոնի տեր էին զգում, իրենք էին ինչ-ինչ բաներ որոշում, վճիռներ կայացնում: Ցավալի է, որ հիմա էլ նույն բանը շարունակվում է: Այդ նույն մարդիկ հիմա էլ եղանակ են ստեղծում թատրոնում: Սա պետք է վերացնել: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թատրոնում լուծարված է, այդպիսի պաշտոն գոյություն չունի: Կա գեղարվեստական խորհուրդ, որը, ընդհանուր առմամբ, վատ գործ չի անում: Համենայն դեպս, խորհրդի նիստերի ժամանակ (ես այդ խորհրդի անդամ եմ) զգացել եմ, որ գնահատականներ տալիս 99 տոկոսով օբյեկտիվ է: Բայց, ի վերջո, ինչ-որ մեկը պիտի լինի, որ իր ձեռքը վերցնի այդ գործի ղեկը, լինի հարց լուծողը: Մի մտահոգություն էլ ունեմ՝ կապված թատրոնի կառույցի հետ: Թատրոնում հիմա ստեղծվել է հակամարտության նման մի բան ավագների և երիտասարդների միջև: Սա պետք է վերացնել: Եվ եթե այդ գործն անի իրոք մասնագետ մարդը, դրությունը կհարթվի: Ավագները շարունակում են անել այն, ինչ առաջ են արել: Իհարկե, տարիքի բերումով, մի քիչ պակաս են անում, քան առաջ, բայց դեռ պոտենցիալ ունեն, որն ինչ-որ բան արժե ու պետք է օգտագործել: Իսկ նրանց կողքին երիտասարդներ կան, որոնցից պետք է հատ-հատ ջոկել նրանց, ովքեր պիտանի են ակադեմիական թատրոնին: ՈՒ ավագներն էլ պիտի թշնամանքով չնայեն երիտասարդներին, վերջիններիս չչարացնեն իրենց դեմ: Երբ սկսեն ճահիճը մաքրել, այս հարցն էլ ինքնըստինքյան կլուծվի: Եվ Սունդուկյան թատրոնից դուրս էլ կան այնպիսի շնորհալի երիտասարդներ (նրանց մի մասին ճանաչում եմ, մյուսներին՝ ոչ), որոնց կարելի է հրավիրել թատրոն, ու դա օգտակար կլինի թատրոնի համար:
-Ձեր ստեղծագործական պլանները գլխավորապես առնչվում են Սունդուկյա՞ն թատրոնին:
-Ես, անշուշտ, ստեղծագործական պլաններ ունեմ՝ Սունդուկյան թատրոնի հետ կապված: Մի քանի դեր կա, որ ժամանակին չեմ հասցրել խաղալ: Հիմա դրանց միջից պիտի ընտրեմ այն դերերը, որոնք համապատասխանում են իմ տարիքին: Չգիտեմ՝ կհասցնե՞մ խաղալ, չե՞մ հասցնի: Համենայն դեպս, երկու գործ ինքս եմ առաջարկել, որ բեմադրեն: Ցավոք, հայկական գործեր չեն, երկուսն էլ ռուսական են: Իհարկե, մեկի հեղինակը ծագումով հայ է՝ ռուսական ազգանվամբ՝ Ռազումովսկայա: Թեպետ հայերեն չգիտի, բայց ուրախ է, որ ծագումով հայ է: Գործն էլ շատ ռուսական է: Կոչվում է «Վլադիմիրյան հրապարակ»: Բայց եթե բեմադրվի, ես կառաջարկեմ հանել Վլադիմիրյան անունը և պարզապես կոչել «Հրապարակ», որպեսզի ռուսական շեշտադրումը շատ զգալի չլինի: Արդեն որոշված է, թե ով է բեմադրելու պիեսը: Երևի թե աշխատանքները կսկսվեն աշնանը: Իսկ ներկա պահին բեմադրվում է «Մուսա լեռան 40 օրը»: Ես էլ դեր ունեմ: Արմեն Էլբակյանն է բեմադրում, ինքն էլ պիեսի հեղինակն է: Ես զգում եմ, որ մարդը նյութի մեջ է, գիտի իր անելիքն ու ասելիքը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ